Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ու կանեփի թփեր
Մայիսի 29-ին, գիշերվա ժամը 1.15-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի պարեկները Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 19-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Հրազդան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, իսկ մեքենան` պահպանվող հատուկ տարածք:
Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է թղթե փաթեթով կանաչավուն զանգված: Մեքենայում հայտնաբերվել է նույն զանգվածով ծխախոտի գլանակ, նաև` հողով լցված պլաստիկ տարա` կանեփանման հինգ բույսով:
42-ամյա հրազդանցին հայտնել է, որ թղթե փաթեթում և գլանակում մարիխուանա է, իսկ կանեփի թփերը քիչ առաջ է հողից հանել: Նաև հավելել է, որ այդ ամենն անձնական օգտագործման համար է:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: