Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Նոյեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Իջևան ճանապարհին, ամրագոտին չկապելու համար, կանգնեցրել են Աբովյան քաղաքի 35-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենան: Պարեկները նկատել են, որ նա ինչ-որ բան է փորձում թաքցնել պայուսակում: Պարեկների պահանջով վարորդը բացել է պայուսակը, որի մեջ նկատել են մոխրացված հետքերով կաթուցիչ: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Բաժնում կատարված խուզարկությամբ աբովյանցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է մոխրացած զանգվածով երկրորդ կաթուցիչը: Նա հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է:
Նոյեմբերի 14-ին Գեղարքունիքի պարեկները Ծովագյուղ-Վարդենիս ճանապարհին կանգնեցրել են Ծովագյուղի 25-ամյա մի բնակչի վարած «ՎԱԶ-21102»-ը: Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծովագյուղցու խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 3 փաթեթ՝ ընդհանուր 5,63 գրամ քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: