Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Գեղարքունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ վերջին օրերի ընթացքում արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման մի քանի տասնյակ դեպք։ Մասնավորապես, տարբեր անձինք Վարդենիսի բաժնում հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ, թմբուկավոր ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, պայթուցիկ նյութ, տարբեր հրազենների ու տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ և այլն։ Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի խումբ անձինք կամավոր հանձնել են «ՏՕԶ» տիպի հրացան, հրացանի դետալներ, տարբեր տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, ինքնաձիգի պահունակներ, տարբեր հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ և այլն։ Արդյունավետ էր նաև Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը. արձանագրվել են ինքնաշեն կրակող սարքի, ինքնաձիգի պահունակների, պայթուցիչներով նռնակների, ինչպես և տարբեր հրազենների ու տրամաչափի փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտի, տարբեր տեսակի նռնակների, ինչպես և նռնականետի արկի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Ճամբարակի բաժնում։ Սևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի տղամարդ հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, որը գտել էր գոմի տանիքը մաքրելիս։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: