Գիշերային շրջայցի հերթական արդյունքը. Սևանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել
Գիշերային շրջայցի արդյունքում հերթական բացահայտումն են արել Սևանի ոստիկանները: Մարտի 25-ին, առավոտյան ժամը 5.45-ին, Սևան քաղաքի Խաղաղության փողոցի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել հրազդանցի երկու երիտասարդի` «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են դիմակի ձևափոխած բրդյա գլխարկ, պտուտակահան և շինարարական ձեռնոցներ: Նրանք խոստովանել են, որ բռնվելուց րոպեներ առաջ քանդել-հանել են շենքի բակում կայանված «Օպելի» հայելիների դետալները: Իրավապահների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն դետալներից գողացել էին նաև Սևանի Գործարանային փողոցի բակերից մեկում կայանված «Օպելից»:
Տուժած քաղաքացիներից ընդունվել են հաղորդումներ, հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: