Գողացած խողովակները տեղափոխել չհասցրին

Ոստիկանության Հրազդանի բաժնում «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող խողովակաշարից երկաթյա խողովակների գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել: Հրազդանի բաժնի և ՊԾ Կոտայքի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի Հին գյուղ կոչվող տարածքում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Հրազդանի բաժին են տեղափոխել 47-ամյա, 58-ամյա և 57-ամյա երեք տղամարդկանց: Պարզվել է, որ նրանք 57-ամյա տղամարդու կողմից շահագործվող «ՈՒՐԱԼ» մակնիշի մեքենայով, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, գնացել են Հին գյուղ կոչվող տարածք, որտեղ եռակցման միջոցով կտրել են «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող 500 մմ տրամաչափի երկաթյա խողովակաշարից մոտ 70 մետր երկարության խողովակներ, այնուհետև եռակցման միջոցով մասնատել են խողովակները և «ՈՒՐԱԼ» մակնիշի մեքենայով քարշակելով՝ հետագայում տեղափոխելու նպատակով իջեցրել են հարմար վայր:
«ՈՒՐԱԼ»-ը տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող տարածք:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն: