70-ամյա կնոջ հեռախոսը գողացած երիտասարդը հայտնաբերվեց
Ապրիլի 11-ի ցերեկը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Էջմիածնի Անդրանիկի թաղամասի բնակիչ, 70-ամյա մի կին: Նա հայտնել էր, որ անհայտ մեկը թակել է տան դուռը, ջուր խնդրել և այդ ընթացքում մտել տուն ու գողացել բջջային հեռախոսը:
Իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվին ապրիլի 25-ին: Այդ ընթացքում հաջողվեց ձեռք բերել հիմնավոր ապացույցներ, որ խաբեությամբ տուն մտել և հեռախոսը գողացել էր էջմիածինցի 30-ամյա մի երիտասարդ:
Նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին, որտեղ էլ բացատրական աշխատանքից հետո խոստովանել, որ գողությունը կատարել է ինքը: Նաև հայտնել է, որ հեռախոսը վաճառել է Էջմիածնի վաճառակետերից մեկում: Հետագա միջոցառումների շնորհիվ գնորդը հեռախոսը ներկայացրել է Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: