Արմավիրի ոստիկանները բացահայտել են գողություններ ու գողության փորձեր
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություններ` վերջին շրջանում Արմավիր քաղաքի տարբեր թաղամասերում տեղադրված սրճեփ սարքերից գողությունների ու գողության փորձերի վերաբերյալ: Մասնավորապես պարզվել է, որ Խորանք գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդը, արմավիրցի և էջմիածինցի 28-ամյա ընկերների հետ, փետրվարի սկզբին Չարենցի փողոցում տեղադրված սրճեփ սարքից գողացել է 10 հազար դրամի, Երևանյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկի սարքից` 7500 դրամի մետաղադրամ, ևս մի քանի սարքից գողություններ էլ, իրենց կամքից անկախ, մնացել են միայն փորձ: Պարզվել է նաև, որ 23-ամյա երիտասարդը գողության մի փորձ էլ, այս անգամ մեկ այլ անձի հետ, կատարել է Երևանյան փողոցի ավտոլվացման կետից:
Մարտի 2-ին երիտասարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին ու տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուսներին հայտնաբերելու և բերման ենթարկելու ուղղությամբ: Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: