Բնակարանից գողության փորձ կատարած անձը կալանավորվել է. Կումայրիի ոստիկանների բացահայտումը
Մարտի 22-ին Գյումրիի Ղանդիլյան փողոցի մի բնակարանից փորձել էին գողություն անել: Առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով փորձել էր բացել բնակարանի դուռը, բայց բնակարանատերը տանն էր, դռան բանալին էլ՝ փականում, գործը գլուխ բերել չկարողանալով՝ հեռացել էր:
Կատարվածի մասին հաղորդումը ոստիկանության Կումայրիի բաժնում ստացվեց դեպքից մոտ 8 ժամ անց: Տարածքային քննչական մարմնում հարուցվեց քրեական գործ: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզները:
Համալիր միջոցառումների արդյունքում ոստիկանները տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողության փորձը հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքի 33-ամյա մի բնակիչ: Մարտի 24-ի երեկոյան կասկածվողը Գյումրի-Երևան ճանապարհին հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին:
33-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: