Արտաշատի ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել
Մարտի 1-ի առավոտյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Պատկանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված ամուսնու «ՎԱԶ-2106»-ի բեռնախցիկից գողացել մոտ 700 հազար դրամի գույք:
Նշված հասցե ոստիկանության Արտաշատի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ փետրվարի 29-ի ժամը 18-ից մինչև մարտի 1-ի ժամը 8.20-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են «ՎԱԶ-2106»-ի բեռնախցիկը և գողացել հորատման հաստոց, ջրի պոմպ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել են Աբովյան քաղաքի բնակիչ՝ 34 և 36 տարեկան երկու եղբայր: Նրանք հրավիրվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են կատարած գողության մասին:
Եղբայրները ներկայացվել են ՔԿ Արարատի մարզային քննչական վարչություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: