Գազալցակայանի դրամարկղից կատարված գողությունը բացահայտվեց
Դեկտեմբերի 5-ի առավոտյան ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ ժամը 04.30-ի սահմաններում, օգտվելով աշխատակցի բացակայելու հանգամանքից, Սառնակունք գյուղի գազալցակայանի դրամարկղի սեղանի վրայից գողացել են մոտ 190 000 դրամ:
Ոստիկանության Սիսիանի և Արտաշատի բաժինների քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Երևանցի 40-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: