Գազալցակայանի դրամարկղից փող էր գողացել. Սիսիանի ոստիկանների բացահայտումը
Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ անհայտ անձը, օգտվելով Սառնակունք գյուղի գազալցակայանի դրամարկղի դուռը բաց լինելու հանգամանքից, սեղանի վրայից գողացել էր մոտ 190 000 դրամ:
Սիսիանի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունը կատարել են 27 և 30 տարեկան երեք երիտասարդներ: Իրականացված միջոցառումների շնորհիվ հաղորդումից կես ժամ անց Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում երիտասարդները հայտնաբերվեցին, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Արտաշատի բաժին: Խուզարկությամբ 30-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվեց 0,15 գրամ քաշով մեթամֆետամինի նմանվող զանգված: Բաժնում նա խոստովանեց, որ ինքն է գազալցակայանի դրամարկղից գողացել փողը:
30-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:
Գողության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: