Գողության փորձեր սրճեփ սարքերից
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների, քրեական հետախույզների և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 13-ին, ժամը 04.00-ին, Ավանեսովի փողոցում հայտնաբերվել, գողության փորձ կատարելու համար ձերբակալվել և Էրեբունու բաժին են տարվել 52-ամյա և 50-ամյա երկու տղամարդիկ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Բաժնում պարզվել է, որ նրանք ժամը 02.30-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ Խաղաղ Դոնի փողոցում տեղադրված սրճեփ սարքի մետաղադրամի արկղը կոտրել և փորձել են գողություն անել, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Պարզվել է, որ նրանք Էրեբունի վարչական շրջանում տեղադրված այլ սրճեփ սարքերից ևս փորձել են գողություն անել:
Տղամարդիկ ներկայացվել են քննչական բաժին, իսկ «Օպելը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: