Քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել
Փետրվարի 2-ին ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր տվել Ջրարփի գյուղի մի բնակիչ: Նա հայտնել էր, որ փետրվարի 1-ի ժամը 14.30-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, մուտք են գործել տուն և գողացել հեռուստացույց, փող, ոսկյա ականջօղեր, բջջային հեռախոսներ, ժամացույց և հուշանվեր դանակ՝ պատճառելով մոտ 440 000 դրամի վնաս:
Բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արմավիրի բաժնի ծառայողների հետ, փետրվարի 14-ին Արմավիր քաղաքում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Անիի բաժին են տեղափոխել Բամբակաշատ գյուղի 20-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է, որ փետրվաիր 1-ի ժամը 16.30-ի սահմաններում, օգտվելով երկրորդ հարկի պատշգամբի դուռը կողպած չլինելու հանգամանքից, մտել է նշված տուն և գողացել հեռուստացույց, բջջային հեռախոսներ, ձեռքի ժամացույց և այլն: Հայտնել է նաև, որ բջջային հեռախոսներից մեկը վաճառել է, իսկ հեռուստացույցը, դանակը, ժամացույցը և մյուս հեռախոսը ի պահ է տվել Արմավիրում բնակվող հորեղբորորդուն:
Երիտասարդը ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: