Մոտ մեկ տարի առաջ կատարված գողության դեպքը ոստիկանները բացահայտեցին օպերատիվ ճանապարհով
Մայիսի 17-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Ալավերդի քաղաքի 33-ամյա բնակիչը մեկ տարի առաջ քաղաքի Մադան թաղամասի տարածքից գողացել է բաց բաժնետիրական ընկերություններից մեկին պատկանող մետաղյա խողովակները և պատրաստվում է տեղափոխել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում հայտնաբերվեց Շնող գյուղի բնակչի վարած «ԶԻԼ»-ը, որը բեռնված էր 19 մետաղյա խողովակներով՝ ընդհանուր 35,7 մետր երկարությամբ։ Ալավերդցի 33-ամյա ուղևորը հայտնեց, որ բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող խողովակները գողացել էր մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թ. հունիսի 23-ին, այնուհետև տեղափոխել և թաքցրել էր մոտակա ձորակում, իսկ հիմա վաճառելու նպատակով ցանկանում էր վերոնշյալ բեռնատարով տեղափոխել Շնող գյուղի մետաղի ընդունման կետ։
Մետաղյա խողովակներով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ԲԲ ընկերության լիազորված անձից հաղորդում ընդունելու և վնասի չափը պարզելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: