Գուգարքի ոստիկանները կանխել են գողությունը. 5 անձ բերման է ենթարկվել
Հունիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի «Թեժ լեռ» կոչվող տարածքում գողություն են անում։
Շտապ մեկնած ոստիկանները այդ վայրում հայտնաբերեցին Լերմոնտովոյի երկու բնակչի, որոնք տրակտորով փորում էին հողը՝ համայնքի 600-լիտրանոց բաքը գողանալու համար։
Հետագա միջոցառումներով Գուգարքի ոստիկանները պարզեցին նաև, որ գողության եկած տղամարդիկ հանցակիցներ ունեն։
Րոպեներ անց Գուգարքի բաժնի ծառայողներն ու Լոռու մարզի պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին կայանված «ՎԱԶ-21099» մեքենայում հայտնաբերեցին Վանաձորի 3 բնակչի։ Նախնական տվյալներով՝ նրանք ճանապարհին, այսպես ասած՝ հսկում էին և, ոստիկաններին նկատելով, անմիջապես տեղեկացրել էին գողության եկածներին։
Բոլորն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Գուգարքի բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: