Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման ու թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Լոռու մարզային վարչությունների ու Գուգարքի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու, ինչպես և ապօրինի փայտանյութ տեղափոխելու դեպք բացահայտեցին:
Իրավապահները Վանաձոր-Ալավերդի ճանապարհից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Գուգարքի բաժին բերման ենթարկեցին Վահագնի գյուղի 29-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց կանաչավուն, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված և փայտանյութ:
29-ամյա տղամարդը հայտնել է, որ բուսական զանգվածը թմրանյութ է, ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար: Իսկ փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել` հայտնելով, որ օգոստոսի 23-ին իրենց գյուղի անտառում բենզասղոցով հատել է մեկ բոխի:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ բերման ենթարկված տղամարդը զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: