Գիտելիքի օր՝ ոստիկանության կրթահամալիրում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Սեպտեմբերի մեկին տոնական էր տրամադրությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: Միջոցառումը, որ կազմակերպվել էր կրթահամալիրի լեզուների ամբիոնի կողմից, նվիրված էր նոր ուսումնական տարվա մեկնարկին և Գիտելիքի օրվան:
Միջոցառումը բացեց կրթահամալիրի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գ. Մալխասյանը: Նա շնորհավորեց անձնակազմին և սովորողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ: Հատկապես տոնական էր տրամադրությունը ակադեմիայի և քոլեջի առաջին կուրսեցիների համար: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին արդար և ազնիվ ընդունելության քննությունների համար և վստահեցրին, որ ապագայում իրենց նպաստը կբերեն մեր երկրի իրավակարգի ամրապնդման և հանցավորության դեմ պայքարի գործում:
Ակադեմիայի չորրորդ կուրսի սովորող Մ. Մարգարյանը իր տպավորությունները կիսեց առաջին կուրսեցիների հետ և նշեց, որ հպարտությամբ է կրում ոստիկանի համազգեստը:
Առաջին կուրսեցիները խոստացան սովորել գերազանց և հավատարիմ մնալ կրթահամալիրի ավանդույթներին:
Հանդիսավոր մասից հետո տոնական մեղեդու նվագակցությամբ մասնակիցները ծանոթացան կրթահամալիրի դասախոսների հեղինակած գրքերին և հոդվածներին, որոնք խնամքով ցուցադրված էին ըստ ամբիոնների:
Պրոֆեսորադասախոսական կազմը սիրով ու մեծ պատրաստակամությամբ պատասխանեց սովորողների հարցերին: