Դանակահարություն Փոքր Վեդի գյուղում
Հունվարի 27-ի կեսգիշերին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թափանցող կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Փոքր Վեդի գյուղի 27-ամյա մի բնակիչ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոցային ահազանգից մոտ մեկ ժամ առաջ Փոքր Վեդի գյուղում, տուժածի տան մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ իրար էին բախվել երկու «Ժիգուլի», և հենց այդ միջադեպի ընթացքում էլ ծավալվել էին հետագա գործողությունները: Վթարի հետևանքով վարորդների միջև ծագել էր վիճաբանություն: Վեճը կարող էր և խաղաղ ավարտ ունենալ, եթե այդտեղով չանցներ վարորդներից մեկի համագյուղացին: 23-ամյա տափերականցի երիտասարդը միջամտում է վեճին, ինչի հետևանքով այն թեժանում է: Աղմուկի վրա տնից դուրս է գալիս 27-ամյա երիտասարդը և փորձում լռեցնել վիճողներին, ու հենց այդ ընթացքում էլ, այսպես ասած՝ համագյուղացու պաշտպանությունը ստանձնած 23-ամյա տափերականցին դանակի հարվածներ է հասցնում հարևանությամբ ապրող 27-ամյա երիտասարդին:
Մեքենաները տեղափոխվել են բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և խոստովանել արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: