Հանրապետությունում առատ ձյուն է տեղացել: Վարորդներին կրկին հորդորում ենք մեքենա վարել միայն անհրաժեշտության դեպքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Այսօր՝ փետրվարի 8-ի գիշերն ու առավոտյան տեղացած առատ ձյունը կրկին որոշակի դժվարություններ ստեղծեց ճանապարհային երթևեկության համար: Եվ կրկին ծանր փորձություն էր սպասում մարզերի տարածքը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի աշխատակիցներին: Այս անգամ վիճակը ծանր էր հանրապետության գրեթե բոլոր ճանապարհներին, բոլոր մարզերի տարածքներում: Ձյունն առատ էր նաև մայրաքաղաքում: Առաջին սպայական գումարտակի աշխատակիցների օրը սկսվեց սովորականից ավելի շուտ: Երթևեկությունը դանդաղել էր` դառնալով խցանումների պատճառ: Դժվարությունները կրկնապատիկ էին կամուրջների տակ, էստակադաներում, գլխավոր փողոցների խաչմերուկներում: Հաճախ կարիք էր լինում խափանված կամ ձյան մեջ խրված մեքենաները հրել-հեռացնել ճանապարհի բանուկ մասերից: Ոչ մարզերում, ոչ մայրաքաղաքում, լուրջ ու անդառնալի հետևանքներով միջադեպեր չարձանագրվեցին: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին` այս օրերին մեքենա վարել միայն անհրաժեշտության դեպքում, իսկ հետիոտներին` լինել հատկապես ուշադիր ու զգոն, հիշել, որ սառցապատ ճանապարհներին մեքենայի արգելակման ուղին շատ ավելի երկար է, ուստի փողոցները պետք է հատել միայն դրա համար նախատեսված տեղերում, անձամբ համոզվելով, որ վտանգ չի սպառնում, և ընդհանրապես, խստորեն պահպանել երթևեկության կանոնները: