Եղեգնաձորի ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի 55-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է ձեռք բերում և իրացնում։
Ձեռնարկված միջոցառումներն արդյունք տվին սեպտեմբերի 2-ին։ Այդ օրը Եղեգնաձորի ոստիկանները Եղեգիս գյուղում ձերբակալեցին 25-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվեց, որ 25-ամյա երիտասարդը թմրամիջոցը 20 հազար դրամով ձեռք էր բերել Եղեգիս գյուղի 55-ամյա բնակչից։ Նույն օրը նա ևս հայտնաբերվեց ու ձերբակալվեց, ապա իրավապահներին ներկայացրեց կանեփի բույսեր, որոնցից պատրաստել էր թմրամիջոց։
Հանգամանքները պարզվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: