Ամրապնդվում է ՀՀ իրավապահ համակարգի և ԵՄ անդամ պետությունների միջև համագործակցությունը
Փետրվարի 14-ից 15-ը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում տեղակայված Եվրոպոլի կենտրոնակայանում էր ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության պատվիրակությունը՝ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։
Պատվիրակության կազմում էին ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռաֆայել Պողոսյանը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը և մարզային վարչությունների ծառայողներ:
Այցի հիմնական նպատակն էր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում խորացնել համագործակցությունը Եվրոպոլի և ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք թեմաներ, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, կիբեռհանցավորություն, սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, ԵՄ անդամ չհանդիսացող երկրների և Եվրոպոլի միջև հնարավոր համագործակցության ուղիներ:
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը կարևորեց ՀՀ իրավապահ համակարգի և ԵՄ անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդումը, ներկայացրեց ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանթյան սպասվելիք բարեփոխումները և ապագայի տեսլականը՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում՝ բարձր գնահատելով եվրոպական գործընկերների պատրաստակամությունը և շարունակական աջակցությունը ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը:
Այցի ընթացքում հանդիպում եղավ նաև Ֆրանսիայի իրավապահ մարմինների հետ. քննարկվեցին կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարում երկու երկրների քրեական ոստիկանության ծառայողների հնարավոր համագործակցության ուղիները: