Հայաստանի Ամերիկյան համալսարանում ամփոփվեցին ոստիկանության ծառայողների համար կազմակերպված անգլերեն լեզվի եռամսյա դասընթացների արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 9–ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում ամփոփվեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի եռամսյա դասընթացների արդյունքները: Դասընթացներին մասնակցել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 78 ծառայողներ:
Բացելով միջոցառումը` Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հատուկ դասընթացների բաժնի տնօրեն, դոկտոր Արփի Բալյանն անչափ կարևորեց արդի ժամանակաշրջանում հաղորդակցության անհրաժեշտությունը այլ երկրների գործընկերների հետ և հույս հայտնեց որ նմանատիպ դասընթացները կլինեն շարունակական:
ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը կարևորելով ոստիկանության ծառայողների անգլերեն լեզվի իմացությունը` համոզմունք հայտնեց, որ նման դասընթացների կազմակերպումը կօգնի նրանց ծառայողական գործունեության ընթացքում: Վարդան Եղիազարյանը դասընթացների հաջող անցկացման համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանության անձնակազմին, ինչպես և Հայաստանի Ամերիկյան համալսարանին ու դասախոսական կազմին:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Բրայեն Ռորաֆը ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության արդյունավետ համագործակցության հերթական օրինակ համարելով դասընթացները` հաջողություն մաղթեց ոստիկանության ծառայողներին իրենց ծառայողական գործունեության ընթացքում:
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական վկայականներ: