Եռօրյա սեմինար Պրահայում
29.07.2013 13:42
Համակարգի լրատու
Հուլիսի 22 – 25-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության ՆԳՆ հրավերով Պրահայում էր` մասնակցելու փորձի միջազգային փոխանակման եռօրյա սեմինար-քննարկմանը, որը տեսական և գործնական գիտելիքների փոխանակում է` զեկույցների, հարց ու պատասխանի, համեմատության և զուգահեռների անցկացման ձևաչափով:
Եռօրյա հանդիպման շրջանակներում չեխական կողմի բարձրաստիճան ոստիկանները մանրամասն ներկայացրին Չեխիայի ՆԳՆ կառուցվածքը, մի շարք առանցքային վարչությունների գործունեության շրջանակներն ու հիմնախնդիրները: Մասնավորապես, ակտիվ քննարկման առարկա դարձան Անվտանգության ուժերի գլխավոր տեսչության (GIBS), Ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի միավորման, Ճանապարհային ոստիկանության, Չեխիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի, Հանցագործությունների կանխարգելման, ինչպես և Մամուլի և հասարակայնության հետ կապի վարչությունների խնդիրները, գործնականում ներկայացվեցին դրանց իրականացման ուղիները:
Փորձի փոխանակումը նաև համեմատություն է, որի ակնկալվող արդյունքն ինքնաքննադատությունն է, վերլուծումը և ինքնակատարելագործման ձգտումը: Համենայնդեպս, այդպես էր այս պարագայում, երբ համեմատականներ տարվելու էին Չեխիայի նման երկրի ոստիկանության հետ:
Ուրախալի է, որ զուգահեռների վերլուծությունը փաստեց` ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքն ակնհայտ է. կարելի է ասել` գրեթե ոչնչով հետ չենք մնում եվրոպական ստանդարտներից: Ավելին, ՀՀ ոստիկանության, մասնավորապես` Ճանապարհային ոստիկանության և ՀԿԼ վարչության գործելաոճը չեխ գործընկերների համար կարող է ուսանելի լինել:
Ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության անձնակազմերի պարեկումը մեր հանրապետության ճանապարհներին (ի տարբերություն չեխական ճանապարհային ոստիկանության որդեգրած գաղտնի գործելաոճի), ինչպես և երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի մեծաքանակությունը զարմացրեց մեր չեխ գործընկերներին:
Հասարակության և ԶԼՄ-ների համար լինել առավելագույնս մատչելի, հնարավորինս թափանցիկ դարձնել ոստիկանական համակարգի գործունեությունը, հանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկել պրոֆիլակտիկ միջոցառումներ` ՀՀ և ՉՀ ոստիկանությունների ՀԿԼ վարչություններին միավորող ընդհանուր այս նպատակն իրագործելու ուղիները նկատելիորեն տարբերվում էին: Փորձի փոխանակման շրջանակներում չեխ գործընկերներին ներկայացվեցին ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության ամենօրյա “Հերթապահ մաս” հեռուստահաղորդաշարի թողարկումները, պրոֆիլակտիկ և դաստիարակչական նկատառումներով հաճախակի հեռարձակվող սոցիալական տեսահոլովակները, ոստիկանության եռալեզու կայքէջը` իր մի շարք նորարարական ծառայություններով` առցանց դիտում, համայնքային ոստիկանի որոնման հնարավորություն և այլն:
Եռօրյա սեմինար-հանդիպումն ընթացավ ջերմ, կառուցողական և գործնական մթնոլորտում: