Ապօրինի հրազենների հայտնաբերում. երեք անձ կալանավորվել է
Տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հավաստի տվյալներ ստացվեցին, որ Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդ Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկում ապօրինի պահում են զենք-զինամթերք։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Եղվարդի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկը։ Հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, մարտական վիճակի բերված «Pietro Beretta» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, «Սայգա» տեսակի հրազեն՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, զրահաբաճկոններ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն։ Հենց բնակարանում ձերբակալվեցին ու քննչական մարմնին ներկայացվեցին Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդն ու նրանց 33-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։ Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: