ԶԳՈՒՇԱՑԵՔ. խարդախության նոր ծուղակ
Ինտերպոլի Գլխավոր Քարտուղարության տարածած տեղեկատվության համաձայն` վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ բողոքներ են ստացվել արտերկրներ մեկնելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած և խարդախության զոհ դարձած անձանց կողմից:
Ստացված տեղեկատվության համաձայն` վերոհիշյալ անձինք դիմել են արտերկրներում, մասնավորապես՝ Կանադայում, սովորելու կամ աշխատելու նպատակով մուտքի արտոնագիր ստանալու համար, ինչի կապակցությամբ նրանցից գումարներ են պահանջել մի շարք վարչական բնույթի գործընթացներ իրականացնելու համար, սակայն այդպես էլ արտոնագիր չեն տրամադրել:
Խարդախները, ներկայանալով որպես միգրացիոն կազմակերպություն, ճամփորդական գործակալություն կամ պետական իրավասու մարմին, արտերկրում սովորելու, աշխատելու կամ ժամանակավոր բնակություն հաստատելու նպատակով հեռախոսազանգերի կամ համացանցի միջոցով առաջարկել են բարձրակարգ ծառայություններ՝ օժանդակելու արտոնագրերի ստացման գործընթացում:
Խարդախները կիրառում են հետևյալ գործելաոճը՝ էլեկտրոնային նամակների միջոցով ուղարկելով կեղծ փաստաթղթեր, հայտադիմումներ, առաջարկում են լրացնել դրանք և հետ ուղարկել՝ տրամադրելով հղումներ կեղծ կայքերից:
Իրենց ծառայությունների, ինչպես և, որոշ դեպքերում, արտերկում անցկացվելիք թրեյնինգների, երբեմն նաև ճանապարհի և կեցության ծախսերի համար պահանջում են գումարներ փոխանցել բանկային հաշվեհամարների կամ գումարային փոխանցման համակարգերի միջոցով:
Խարդախության զոհ են դարձել առավելապես Աֆրիկայի տարածաշրջանի երկրների քաղաքացիներ: Խարդախության արդյունքում հափշտակվել է ավելի քան 10.000 ԱՄՆ դոլար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: