Խստագույնս պահպանենք ճանապարհային երթևեկության կանոնները. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց աղետալի հետևանքների, մահվան ելքով վրաերթերի մասին գրել և բարձրաձայնել ենք բազմիցս։ Իսկ վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։
Իրողություն, որը երթևեկության բոլոր մասնակիցներին հուշում և պարտադրում է՝ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Հարգել օրենքը, լինել օրինապահ և օրինահարգ, գիտակցել, որ երթևեկության մեջ օրինազանցությունը անդառնալի հետևանք տանող ամենակարճ ճանապարհն է։
ՆԳ նախարարությունն այս հանգամանքը հաշվի առնելով՝ 2024 թվականը հայտարարվել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։
Միայն այս տարվա փետրվարին պարեկները հանրապետության ողջ տարածքում կազմել են հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու` 3895 և չամրակապված վարելու` 12258 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Եվ, այդուհանդերձ, որոշ քաղաքացիների վարքը շարունակում է մնալ անուղղելի, վտանգավոր ոչ միայն իրենց, այլև երթևեկության մյուս մասնակիցների համար։
Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, վերստին հորդորում ենք՝ օգտվել միայն, վերգետնյա, ստորգետնյա և գծանշված անցումներից, հետևել լուսացույցի ազդանշանին, ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել միայն ամրակապված, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել, ողբերգություն բերել ոչ միայն ձեզ, այլև երթևեկության այլ մասնակիցներին։