Ոստիկանության բաժիններում «Կալաշնիկով», «Մակարով», «ՏՕԶ» և ապօրինի այլ զենքեր են հանձնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տարածքային ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Ոստիկանության Կապանի բաժին եկած 75-ամյա տղամարդը, որը Կապանի բնակիչ է, կամավոր հանձնեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ։ Նրա հայտնածով ատրճանակը գտել է տարիներ առաջ։
Կապանի բնակիչ, 66-ամյա մի տղամարդ էլ բաժին է բերել ակոսափող հրազեն՝ նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ «ՏՕԶ»-ը գտել է տանն ու անմիջապես բերել ոստիկանություն։
Ոստիկանության կոտայքի բաժին եկած 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ։ Նրա հայտնածով՝ հրազենը տան մոտակայքում գտնվող դաշտում գտել է անչափահաս որդին։
Դիլիջանի բնակիչ, 70-ամյա մի տղամարդ ոստիկանության Դիլիջանի բաժին է բերել ինքնաշեն ատրճանակ՝ նախատեսված 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Նրա հայտնածով՝ հրազենը պատկանել է հանգուցյալ ազգականին։
Ոստիկանության Արարատի բաժին եկած 69-ամյա տղամարդը, որը Արմաշ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ, փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են Արցախյան ազատամարտին զոհված որդուն։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: