Պահպանության ծառայողի տեղեկությունը հաստատվեց, թմրանյութից զատ` հայտնաբերվեց ապօրինի զենք
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու պահպանության բաժնի ծառայողը հայտնել է, որ Էրեբունու փողոցում, կայուն պահակետով պահպանվող տարածքում, մեկը թմրանյութ է թաքցնում:
Ստացված տեղեկությունն իրացնելիս, Էրեբունու քրեական հետախույզները, ՊՊԳՎ արագ արձագանքման խմբի հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 20-ին, ապօրինի թմրամիջոց պահելու, իրացնելու, նաև հրազեն պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են բերել Եղվարդի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոց:
Նա հայտնել է, որ թմրանյութն իրենն է՝ անձնական օգտագործման համար: Բացի այս, նա հավելել է, որ իր վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայում մի պայուսակում կա կաթուցիչ, իսկ մյուսում` հրազեն:
Ձեռք բերված տվյալներով` երիտասարդը «Էրեբունի» թանգարանի հետնամասում տեղադրել էր մարիխուանայով լցված հինգ փաթեթ:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: