Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Լոռու մարզում
Ոստիկանությունը շարունակում է ակտիվ քարոզչությունը` ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ: Արդյունավետ էր ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների բացատրական աշխատանքը ապրիլի 25-ին: Այդ օրը հաղորդում է ստացվել ոստիկանության Տարոնի բաժնում: Անհայտ քաղաքացին զանգել էր 911 ծառայություն և հայտնել, որ հրազեն է թողել Վանաձորի նախկին ռեստորանի տարածքում: Ոստիկանները կիսաքանդ շենքի նշված վայրում հայտնաբերել են ատրճանակ:
Նույն օրը ոստիկանության Բազումի բաժին է զանգել մեկ այլ քաղաքացի: Ներկայանալով Արցախյան առաջին պատերազմի մասնակից` նա հայտնել է, թե որտեղ է թաքցրել այն ժամանակ հետը բերած զենք-զինամթերքը: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, պայթուցիչով նռնակ և երեք փամփշտատուփ` 60 փամփուշտով:
Նույն օրը նման հաղորդումներ են ստացվել նաև ոստիկանության Գուգարքի և Ստեփանավանի բաժիններում: Գուգարքում վերջին պատերազմի մասնակիցը հուշաղբյուրի մոտ թողել էր մեկ հրացան, մեկ նռնակ և մեկ պայթուցիչ, իսկ Ստեփանավանի լճերի հարակից շինության մեջ ոստիկանները հայտնաբերել են անհայտ քաղաքացու թողածը` կարճեցված փողով որսորդական հրացան, ատրճանակ ու փամփուշտներ:
Տաշիրի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 58-ամյա մի տղամարդ հանձնել է ատրճանակ ու փամփուշտներ, որոնք, ըստ իրեն, ձեռք էր բերել դեռևս 1994 թվականին: Ոստիկանության Թումանյանի բաժնում 56-ամյա տղամարդն էլ կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ:
Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են ամբողջ հանրապետությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: