Զենք-զինամթերքի կամավոր հանձնման աշխատանքները շարունակվում են
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորիվ հունիսի 28-ին, ժամը 15.00-ին, բաժին է ներկայացել 1979 թ. ծնված Սերգեյ Չ.-ն և կամավոր հանձնել «Մակարով» ատրճանակի 9 մմ տրամաչափի 48 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, 2 նռնակի պայթուցիչ, «Մակարով» տեսակի ատրճանակի 1 պահունակ` լիցքավորված 8 փամփուշտներով, 5.45 մմ տրամաչափի «ԱԿՍ» ինքնաձիգի 1 պահունակ` լիցքավորված 21 փամփուշտներով, և հայտնել, որ նշված զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը, ով դրանք ձեռք էր բերել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցության ժամանակ:
***
Հունիսի 28-ին, ժամը 16.30-ին, 1975 թ. ծնված Գնել Հ.-ն ոստիկանության Անիի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի 2 պահունակ «ՌԴԳ» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, 5.45 մմ տրամաչափի` 207 և 7.62 մմ տրամաչափի 6 փամփուշտ և հայտնել, որ նշված զինամթերքը գտել է նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, տանը հարակից պահեստարանի կտուրի մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ. դրանք 1993-1994թթ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ իր հետ բերել և պահել էր տանիքում և մոռացել:
***
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 28-ին, ժամը 12.40-ին, 1985 թ. ծնված Հակոբ Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, 1 պահեստատուփ և 7.62 մմ տրամաչափի գնդացրի 24 փամփուշտ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը, ժամը 11.40-ի սահմաններում, իրենց տան հարակից անասնագոմում վերանորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ: Հայտնել է նաև, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: