Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հայտնաբերել են մի ողջ զինանոց

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացել էին տեղեկություն, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի տներից մեկում և օժանդակ շինություններում ապօրինի կերպով զենք-զինամթերք և թմրամիջոց է պահվում:
Փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ, և հունիսի 8-ին, դատարանի որոշմամբ, կատարվում է խուզարկություն, որին մասնակցում են նաև այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ: Առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերվում է տարատեսակ զենք-զինամթերքի մի ողջ տեսականի, այդ թվում` գիշերային տեսադիտարկման երկու սարք, լուսաձայնային երեք նռնակ, այլ նռնակներ ու պայթուցիչներ, տարբեր տիպի ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիր, փողատուփային նռնականետ, փամփուշտներ և այլն:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: