Ոստիկանները բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանում հասարակական կարգը խանգարողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 30-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում երկու տղամարդ, որոնք տաքսի են վարում, վիճել են իրար հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ անհանգստություն պատճառելով տարածքում գտնվող անձանց։ Նախնական տվյալներով՝ վեճի պատճառը ուղևոր փոխադրելու հարցն է եղել։ Միջադեպի ընթացքում նրանցից մեկը բռնունցքով հարվածել է մյուսի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և մարմնական վնասվածք հասցնողին հայտնաբերել ու բերման ենթարկել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: