Ոստիկանության պետի առաջին տեղակալն ընդունել է Եվրոպայի խորհրդից ժամանած պատվիրակությանը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովայի գլխավորած պատվիրակությանը։ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները հետաքրքրվեցին ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ ոստիկանության կողմից ձեռնարկվող միջոցառումներով։ Արման Սարգսյանի ներկայացմամբ՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և համակարգի տարածքային ստորաբաժանումներում ծառայում են մասնագիտական հատուկ վերապատրաստում անցած ոստիկաններ, որոնք ընտանիքում բռնության դեպքերը կանխարգելելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկում ոչ միայն տարածքներում, այլև դպրոցներում, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունն էլ կանխարգելիչ հոլովակներ է պատրաստում։ Արդյունքում՝ անցած տարվա համեմատությամբ նվազել են անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերը։ Հանցագործության դեպք բացահայտելուց հետո ոստիկանության ծառայողները բռնության զոհերին ուղղորդում են համապատասխան հասարակական կազմակերպությունների ապաստարաններ, որտեղ նրանք ստանում են բազմաբնույթ աջակցություն։ Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ մինչև տարեվերջ նախատեսվում է պետական միջոցներով նոր ապաստարան հիմնել։
Խոսվեց ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքի որոշ դրույթներից։ Ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը փաստեց, որ նոր օրենքը ընձեռում է բռնության դեմ ավելի արդյունավետ պայքարելու իրավական գործիքակազմ։ Ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ․ վերջին երկու ամսում արձանագրվել է բռնության 463 դեպք, 196 անձ հաշվառվել է, 166-ը՝ զգուշացվել, 34 դեպքով ոստիկանները կիրառել են անհետաձգելի միջամտություն։
Կողմերը քննարկեցին նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում անչափահասների համար նախատեսված սենյակների կառուցման, համապատասխան գույքով կահավորման ու տեխնիկական հնարավորություններով հագեցման, ինչպես և ոստիկանության ծառայողների համար նախատեսված ձեռնարկ-ուղեցույցի մասին։ Ոստիկանության պետի տեղակալի հավաստմամբ՝ այդ ուղղությամբ գործնական քայլեր են ձեռնարկվում, որոնց արդյունքները շուտով տեսանելի կլինեն։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման վերաբերյալ այլ հարցեր ևս։