Ոստիկանները 2000 ընկուզենի են տնկել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ոստիկանությունը հատուկ ուշադրություն է դարձնում բնապահպանական խնդիրներին, հատկապես ապօրինի ծառահատումները բացառելուն: Նման դեպք արձանագրելուն պես իրավապահները համալիր որոնողական աշխատանքներ են ձեռնարկում: Ծառահատողները հայտնաբերվում և պատասխանատվության են ենթարկվում: Բայց դրանից կոտրված ու կտրված ծառերը չեն ապաքինվում, անտառը չի վերականգնվում: Այս խնդրով մտահոգ ոստիկանության ծառայողներն օրերս այլ միջոցառում իրականացրին:
Նոյեմբերի 12-ին, ոստիկանության Տավուշի մարզային վարչության նախաձեռնությամբ, Սևքարի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնում ոստիկանության ծառայողները, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողների, մարզպետարանի ու բնապահպանության աշխատակիցների հետ, ծառատունկ կազմակերպեցին:
Ծառատունկի ընթացքում երկու հեկտարի վրա տնկվել է ընկուզենու 2000 տնկի:
Հայաստանը հարուստ չէ անտառային պաշարներով: Միասին պահպանենք հայրենի բնությունը: