Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ ու զինամթերք
Արտաշատի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտաշատ քաղաքի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ Արարատի մարզի Կալադիպի կամ Գյոլասոր կոչվող վայրում գտնվող իր առանձնատանն ու օժանդակ շինություններում ապօրինի պահում է զինամթերք ու թմրանյութ, աճեցնում կանեփ: Սեպտեմբերի 9-ին, տեղեկությունը ճշտելու նպատակով, ոստիկաններն այցելեցին նշված վայր: Ցանկապատված տարածքում կանեփի բույսեր էին:
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և մարզային վարչությունների աշխատակիցները զննություն կատարեցին: Հայտնաբերվեցին կանեփի 33 բույս, կանեփանման կիսաչոր զանգված, ինքնաձիգի փամփուշտներ:
Ժամեր անց նույն տարածքից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկվեց Նարեկ գյուղի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ, որը, նախնական տեղեկությամբ, վարձու աշխատանքով է զբաղված 38-ամյա արտաշատցու մոտ: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման չորացված զանգված: Ըստ երիտասարդի` թմրանյութն իրենն էր, ինքն էր քաղել իր օգտագործման համար:
Հարուցվեց քրեական գործ: Դատարանի որոշմամբ առանձնատանը և կից շինություններում կատարվեց խուզարկություն, հայտնաբերվեցին կանեփանման չորացված զանգվածներ, դրանցով լցված ապակյա գլանակներ և այլն:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ առանձնատան տիրոջը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: