Թմրամիջոցներ իրացնողը հայտնաբերվեց և կալանավորվեց
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով ԱԱԾ աշխատակիցների և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ։ Մարտի 9-ի երեկոյան նրանք մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին երկու տղամարդու։ Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց թմրամիջոց՝ մեթամֆետամին և մարիխուանա։ Հաջորդ օրը մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում իրավապահները ձերբակալեցին 33-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ նրանք թմրամիջոցը ձեռք էին բերել 39-ամյա մի տղամարդուց։ Մարտի 10-ի երեկոյան նա ևս հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Նույն օրը խուզարկվեց նրա տունը։ Հայտնաբերվեց երկու տասնյակից ավելի փաթեթ՝ լցված ընդհանուր 36 գրամից ավելի մեթամֆետամինով։ Հայտնաբերվեցին նաև 5 գրամ մարիխուանա, էլելկտրոնային կշեռքներ և այլն։
39-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: