Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոց. մեկ անձ ձերբակալվել է
Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկութունն իրացրին բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ: Մարտի 5-ին, ցերեկվա ժամը չորսին, Ուլնեցու փողոցից, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին 40-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգվածներ և մոխրացած հետքով կաթուցիչ:
Տղամարդը ներկայացրել է ծաղկաման` կանեփի բույսով, պոլիէթիլենային տոպրակներ` կանեփանման չորացված զանգվածներով, նույն պարունակությամբ տարաներ. զանգվածների ընդհանուր քաշը մեկ կիլոգրամ 229 գրամ է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, տղամարդը ձերբակալվել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: