Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Շիրակի մարզի պարեկային ծառայողները շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Ներկայացնենք վերջին բացահայտումներից մի քանիսը:
Հունվարի 9-ին պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները Ազատան բնակավայրում ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք բացահայտեցին: Գյուղի կամրջի տակ հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Կումայրիի բաժին տեղափոխվեց Շիրակավան համայնքի 28-ամյա մի բնակիչ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին կիսամոխրացած հետքերով կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված: Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը պատրաստել էր կանեփի վայրաճ բույսերից:
Կազմված նյութերն ուղարկվել են Ախուրյանի քննչական բաժին:
Նույն օրը Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի առաջին դասակի պարեկները փաստաթղթերը ստուգելու նպատակով Գյումրու Սավոյան փողոցում կանգնեցրել էին «ԲՄՎ» մակնիշի մի ավտոմեքենա: Պարզվեց, որ 17-ամյա ուղևորի մոտ թմրանյութ կար: Երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մուշի բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով, մանրացված, չորացված զանգվածով ծխախոտի տուփ: Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը պատրաստել էր կանեփի վայրաճ թփերից:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
Հունվարի 9-ին ոստիկանության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները Գյումրու Լալայան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել էին 31-ամյա մի տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Պարեկները մեքենայի փոխանցման տուփի բռնակի մոտ նկատել էին ծխախոտի տուփ: 31-ամյա ուղևորը հայտնել էր, որ տուփի մեջ բժշկական կաթուցիչ և մարիխուանա կա: Ոստիկանության Կումայրիի բաժնում նա իրավապահներին ներկայացրեց ծխախոտի տուփը, որի մեջ կար թմրանյութի հետքերով բժշկական կաթուցիչ և չորացված զանգված:
Փաստի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: