29-ամյա աղջկան թմրամիջոցն իրացրել էր Երևանում բնակվող մի տղամարդ
Ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի Նոր Արեշ թաղամասում բնակվող 29-ամյա մի աղջիկ տարբեր տեսակի թմրամիջոցներ է ձեռք բերում և իրացնում։ Նոյեմբերի 10-ին ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում հայտնաբերեցին 29-ամյա աղջկան, որը մի երիտասարդի վարած «Օպել» մակնիշի մեքենայում էր։ Նրանք բերման ենթարկվեցին Կենտրոնական բաժին։ Վարորդը մեքենայի սրահից ներկայացրեց մեթամֆետամինի նմանվող զանգված, ինչը, ըստ նրա՝ 29-ամյա ուղևորուհունն էր։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ 29-ամյա աղջիկը թմրամիջոցը ձեռք էր բերել Երևանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդուց։ Նրան հայտնաբերելու միջոցառումները արդյունք տվեցին նոյեմբերի 13-ին։ Տղամարդը հայտնաբերվեց մայրաքաղաքի Եղվարդի խճուղում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Իրավապահները խուզարկեցին նրա «Մերսեդեսը»՝ հայտնաբերելով մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ։ 37-ամյա տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: