Էրեբունու ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ
«Կանեփ-կակաչ-2022» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Էրեբունու ոստիկանները բացահայտել են նոր դեպքեր: Բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ միջոցառմամբ ձեռք էին բերել տեղեկութուն, որ մի քանի երիտասարդ պահում և իրացնում են թմրանյութ: Տեղեկութունը ճշտելուց հետո օգոստոսի 20-ին, գիշերվա ժամը 1-ին, մայրաքաղաքի Արցախի փողոցում ոստիկանները ձերբակալեցին 24-ամյա երկու երիտասարդի, որոնցից Արշակունյաց պողոտայի բնակիչը այդ պահին ձեռքից գցեց մի փաթեթ: Երկուսն էլ տեղափոխվեցին Էրեբունու բաժին, որտեղ երկրորդ երիտասարդի` Երևանի Անտառային փողոցի բնակչի մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ` ավելի քան 16 գրամ կշռով: Նույն զանգվածն էր, այս դեպքում` ավելի քան 19 գրամ, քան ձերբակալման վայրում նետած փաթեթում:
Երիտասարդները հայտնել են, որ հայտնաբերվածը մարիխուանա է, կանեփն իրենք աճեցնում են Արցախի փողոցում վարձակալած շինության ներսում: Նշված շինության զննությամբ հայտնաբերվեցին միայն դատարկ տարաներ, տոպրակներ, կաթուցիչներ ու այլ նյութեր:
Նախաձեռնված վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակելիս Էրեբունու ոստիկանները համագործակցեցին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Երևան քաղաքի վարչությունների գործընկերների հետ: Արդյունքում` ինքնակամ ոստիկանություն ներկայացավ Անտառային փողոցի բնակիչ, 24-ամյա երիտասարդի ավագ եղբայրը: Նա հայտնեց, որ այդ օրը, գիշերվա ժամը 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում, հետքերը թաքցնելու նպատակով հիշյալ շինությունից վերցրել է թմրամիջոցով տարաներն ու կանեփի բույսերը, մշակման համար նախատեսված նյութերը և մեքենայով տեղափոխել Նուբարաշենի աղբավայր: Զննության ընթացքում ավագ եղբայրն աղբավայրից ներկայացրեց մարիխուանայով լցված չորս տարա, համապատասխանաբար` 282, 360, 961 և 217 գրամ կշռով, նույն պարունակությամբ մեկ երկաթե տարա ու պոլիէթիլենային չորս փաթեթ` ընդհանուր մոտ 265 գրամ, և երեք պարկի մեջ աճեցված կանեփանման բույսեր:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Էրեբունու ոստիկանների հակաթմրամիջոցային մեկ այլ միջոցառման վերջակետը դրվել էր օգոստոսի 18-ին: Բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի 23-ամյա մի բնակիչ տան բակում աճեցնում է կանեփ: Տվյալ կար նաև, որ տանը կա ապօրինի զինամթերք: Հաստատվեց երկու տվյալն էլ:
Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվեց կանեփանման 47 բույս: Տանտերն իրավապահներին ներկայացրեց ավելի քան 26 գրամ դեղնականաչավուն, կանեփանման զանգված, մեկ նռնակ և տարբեր տեսակի երեք պայթուցիչ:
Երիտասարդը ձերբակալվել ու ներկայացվել է տարածքային քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: