Պարեկները բացահայտեցին թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը
Հունվարի 22-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Ազատության պողոտայի և Պարույր Սևակի փողոցի խաչմերուկում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 33 և 35 տարեկան երկու տղամարդու՝ երկուսն էլ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ: 35-ամյա տղամարդու վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան էլ տեղափոխվեց բաժնի պահպանվող հատուկ տարածք:
33-ամյա տղամարդու խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մոխրացած հետքերով կաթուցիչ և երկու փաթեթ: Ըստ նրա՝ փաթեթներում մարիխուանա և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ են:
35-ամյա տղամարդու ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Նա հայտնեց, որ թմրանյութը ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին: