Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու մի քանի դեպք
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բաղրամյան փողոցի 44-ամյա մի բնակչի մոտ թմրանյութ կա: Նույնը օրը ոստիկանները նրան հայտնաբերեցին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալեցին ու տեղափոխեցին Արմավիրի բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթով փաթեթավորված սուբուտեքս տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ զանգված, թորած ջրի սրվակ և ներարկիչ:
Ձերբակալվածը հայտնեց, որ զանգվածը սուբուտեքս է, թորած ջրով լուծելուց հետո պատրաստվում էր ներարկման եղանակով օգտագործել:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Նույն օրը ոստիկանության Արմավիրի բաժնի անչափահասների գործերով ծառայողները շրջիկ ծառայության ընթացքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Շիրազի փողոցի 24-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մետաղական ծխամորճ, որի մեջ կար դեղնականաչավուն, յուրահատուկ սուր հոտով չորացված, մանրացված զանգված: Ձերբակալվածը հայտնեց, որ զանգվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է և պատկանում է իրեն:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 43-ամյա մի բնակչի տան տանիքում թմրանյութ կա: Արմավիրի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում՝ դեկտեմբերի 22-ին տղամարդու տանիքում զննություն կատարեցին: Ակնհայտ տեսանելի վայրերից հայտնաբերվեց մոտ երկուսուկես կգ կանեփանման զանգված: Տղամարդու հայտնածով՝ այն թմրամիջոց է, որը պատրաստել էր տնամերձ հողամասում աճեցրած կանեփից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: