Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում Արաբկիրի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Մոլդովական փողոցի 32-ամյա մի բնակիչ իրացնում է թմրանյութ:
Տեղեկությունը ճշտելու և իրացնելու նպատակով բաժանմունքի ծառայողները համագործակցեցին բաժնի քրեական հետախույզների հետ: Հունիսի 1-ի ցերեկը մայրաքաղաքի Արամ Խաչատրյան փողոցում երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց մոտ 13 գրամ դեղնականաչավուն զանգված ու մոխրացած հետքով կաթուցիչ: Փաստերի ճնշման տակ նա խոստովանեց, որ Արաբկիր վարչական շրջանի տարբեր թաքստոցներում տեղադրել է մարիխուանայով 17 փաթեթ:
Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում 32-ամյա երիտասարդի մասնակցությամբ կատարված զննությամբ վեց փաթեթ հայտնաբերվել է: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նման մի տեղեկություն էլ Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմուքի ծառայողները ստացել էին հունիսի 5-ին: Կասկածյալը մայրաքաղաքի Մարգարյան փողոցի 27-ամյա բնակիչ էր:
Այս դեպքում էլ տվյալն իրացվեց քրեական հետախույզերի հետ: Հունիսի 5-ին Արամ Խաչատրյան փողոցում կասկածյալը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին 14 փաթեթ` ընդհանուր մոտ 13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածով, նույն պարունակությամբ մեկ աղաց ու երեք կաթուցիչ: Երիտասարդը խոստովանել է, որ իրացնելու նպատակով արդեն տեղադրել էր երկու փաթեթ մարիխուանա:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել է զննություն, երիտասարդի մատնանշած թաքստոցներից հայտնաբերվել և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից հանվել է ևս երկու փաթեթ մարիխուանա: Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: