Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային հերթական կոնֆերանսը
Մայիսի 17-ից 19-ը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության նստավայրում՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում, տեղի ունեցավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 49-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի տարածաշրջանի 50 երկրների շուրջ 120 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկան Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին և գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը: Ելույթներ ունեցան Ինտերպոլի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:
Հիմնական քննարկումներից մեկը նվիրված էր Եվրոպայի տարածաշրջանի երկրներում սահմանային անվտանգության սպառնալիքներին, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև միգրանտների թվի աննախադեպ աճին, ինչը պայմանավորված է հակամարտության գոտում գտնվող երկրներից դեպի եվրոպական երկրներ արտագաղթողների թվի աճով:
Կոնֆերանսի առաջին օրը տեղի ունեցավ հանդիպում Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանի միջև: Քննարկվեցին համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր:
Կոնֆերանսի ընթացքում ընդունվեցին մի շարք որոշումներ, մասնավորապես՝ ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարում Ինտերպոլի արձագանքը, Եվրոպական տարածաշրջանում Ինտերպոլի i-ARMS համակարգի և ապօրինի զենք-զինամթերքի տվյալների պահոցի օգտագործում, Ինտերպոլի գործիքակազմի և հնարավորությունների օգտագործում՝ կիբեռհանցավորության կանխման, բացահայտման և խափանման նպատակով, 2022-2025 թթ. Ինտերպոլի ռազմավարությունը եվրոպական տարածաշրջանի համար, ինչպես նաև պատերազմական հանցագործությունների դեմ պայքարում եվրոպական տարածաշրջանի երկրների աջակցության խթանում:
Հանդիպման ավարտին որոշվեց Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային հաջորդ՝ 50-րդ կոնֆերանսն անցկացնել Չեռնոգորիայի Հանրապետությունում: