Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանում ընտրվեց քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության նոր նախագահ
Նոյեմբերի 7-ից 10-ը Ինդոնեզիայի Բալի քաղաքում կայացավ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանը:
Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին 164 անդամ երկրների ավելի քան 830 պատվիրակներ՝ ոստիկանապետեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, իրավապահ համայնքի ներկայացուցիչներ: Վեհաժողովի աշխատանքներն ընթացան «Միասնական ռազմավարական պլանավորում/կողմնորոշումներ միջազգային գործունեության համար» խորագրի ներքո:
Վեհաժողովին բացման խոսքով հանդես եկավ Ինդոնեզիայի փոխնախագահ Մուհամմադ Յուսուֆ Կալլան, որն իր խոսքում կարևորեց Կազմակերպության և մասնավորապես Գլխավոր ասամբլեայի դերը միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերում և անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:
Ելույթի խոսքով հանդես եկան նաև Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յ. Շտոքը, նախագահ Մ. Բալեստրազին, Ինդոնեզիայի ազգային ոստիկանության պետ Տ. Կարնավիան, այլ բարձրաստիճան պատվիրակներ:
Որպես Ինտերպոլի ԳԱ 85-րդ նստաշրջանի առաջնային և առանցքային խնդիրներ ներկայացվեցին ահաբեկչության և օտարերկրյա վարձկանների դեմ պայքարը, կազմակերպված հանցավորությունն ու կիբերհանցավորության անընդհատ ահագնացող սպառնալիքները:
Վեհաժողովի ընթացքում ընտրվեց Ինտերպոլի նոր նախագահ՝ Չինաստանի ազգային անվտանգության փոխնախարար Մենգ Հինգվեյը: Նա ստանձնեց իր նոր պարտականությունները անմիջապես նստաշրջանի աշխատանքների ավարտից հետո:
Նստաշրջանի ընթացքում Գործադիր կոմիտեի կազմում ռոտացիայի կարգով ժամկետը լրացած Կազմակերպության Եվրոպայից փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ՌԴ ներկայացուցիչը, իսկ որպես անդամներ՝ Արգենտինայի և Հունգարիայի ներկայացուցիչները:
Պատվիրակների կողմից ընդունվեցին մի շարք հիմնարար որոշումներ` ուղղված անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում համաշխարհային արձագանքին, համատեղ գործողություններին և տեղեկատվության փոխանակման խթանմանը, այդ թվում՝ օտարերկրյա ահաբեկիչների կենսաչափական տվյալների համակարգված հավաքագրում ու հաշվառում, ինչպես նաև Ինտերպոլի տեղեկատվության մշակման մեխանիզմների հետագա զարգացում և ամրապնդում:
Ինտերպոլի գլխավոր ասամբլայի 85-րդ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված էր ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի:
Վեհաժողովի շրջանակներում Ա. Ֆիդանյանը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների հետ, որոնց հետ քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բազմաբնույթ հարցեր: Մասնավորապես՝ Գլխավոր քարտուղար Շտոքի հետ քննարկվել է ՀՀ-ում ԴՆԹ տվյալների ազգային պահոց ստեղծելու նպատակով ԴՆԹ նույնականացման ծրագրի ներդրման աշխատանքների գործընթացն ու արդյունքները, հետագա զարգացումները:
Ա. Ֆիդանյանը նախապես պլանավորված պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՄԹ-ում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Իսպանիայում, Վրաստանում և այլ երկրների ԱԿԲ-ների պատվիրակությունների հետ:
Այսպես՝ ՄԹ-ի պատվիրակության հետ, ի դեմս՝ փոխոստիկանապետ /գլխավոր տնօրենի տեղակալ Դեյվիդ Առմոնդի, ՄԹ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Մեթյու Բարթնի հետ քննարկվել են թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող խարդախությունների (social engineering fraud) ոլորտում առկա խնդիրները, հայցվող տեղեկատվության տրամադրման հետ կապված խնդրահարույց հարցեր:
Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Այոբ Սոլեյմանի, ԻԻՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Մասուդ Ռեզվանիի, պատվիրակության բարձրաստիճան այլ անդամների հետ քննարկվել են հետախուզվող անձանց հայտնաբերման, նրանց հետագա հանձնման, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց վերաբերյալ հարցեր, երկու երկրների ոստիկանությունների միջև արդյունավետ համագործակցության, տարածաշրջանային կարեւորություն ունեցող եւ թիրախային այլ հարցեր: Ի դեպ, ԻԻՀ մեր գործընկերներն իրենց երախտագիտությունն են հայտնել հետախուզվող անձանց հայտնաբերման, նրանց հանձնման գործընթացն արդյունավետ կազմակերպելու հարցում արգասավոր համագործակցության և ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված արհեստավարժ գործունեության համար:
Իսպանիայի (ազգային ոստիկանության միջազգային համագործակցության հարցերով վարչության պետ Մարիանո Սիմանկաս, ԱԿԲ-ի պետ Ժոզե Մարիա Լարրիբա Ռոդրիգես) և Վրաստանի (ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր Արաքիշվիլի) գործընկերների հետ քննարկվել են ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման հետ կապված առանցքային հարցեր, տվյալ ոլորտում առկա թերություններն ու բացթողումները, դրանց հնարավոր լուծումները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
2017 թ. Ինտերպոլի ԳԱ 86-րդ նստաշրջանի անցկացումը նախատեսված է Պեկինում (Չինաստան), իսկ 87-րդ նստաշարջանի անցկացման վայր ընտրվեց Կամպալան (Ուգանդա):