Գողություն երկաթգծից. Իջևանի ոստիկանների բացահայտումը
Դեռևս փետրվարի սկզբին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրի հարակից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության չցանկապատված գծահատվածից գողացել են մետաղական 100 կոնստրուկցիա: Ընկերությանը պատճառվել էր 360 հազար դրամի վնաս, սակայն տվյալ դեպքում կարևորը ոչ այնքան նյութական վնասն էր, որքան վտանգը, որ նման հափշտակությունները կարող են ստեղծել երկաթուղային երթևեկության համար:
Ապրիլի 14-ին փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Իջևանի քրեական հետախույզներն իրականացրին օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում տեղեկություն ստացան, որ գողությունն արել էր Գանձաքարի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Մայիսի 4-ին նա բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին, խոստովանեց արարքը և հավելեց, որ մետաղյա կոնստրուկցիաները վաճառել է մի անծանոթի:
Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
36-ամյա տղամարդը ներկայացվել է Տավուշի քննչական վարչություն: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: