Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի դեսպանը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հունիսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի դեսպան Շմուեյլ Մեիրոմին և նրան ուղեկցող անձանց:
Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ ոստիկանության ղեկավարությունը կարևորում է համագործակցությունը տարբեր երկրների ոստիկանական կառույցների հետ, իսկ Իսրայելի իրավապահների հետ երկուստեք օգտակար կլիներ փոխգործակցությունը ահաբեկչության, փողերի լվացման և անդրազգային հանցավորության այլ դրսևորումների դեմ պայքարում:
Անդրադառնալով հանրապետության քրեածին իրավիճակին՝ Հունան Պողոսյանը նշեց, որ այն կայուն ու վերահսկելի է:
Ոստիկանության պետի առաջին տեղակալը հյուրերին ներկայացրեց նաև ոստիկանության բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ փոփոխություններ կատարվում են բոլոր ուղղություններով, նպատակ ունենալով լիարժեք իրականացնել բարեփոխումների ծրագրով առաջադրված խնդիրները:
Շմուեյլ Մեյրոմը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց իսրայելյան կողմի պատրաստակամությունը՝ խորացնելու գործակցությունը երկու իրավապահ կառույցների միջև:
Դեսպանը, մասնավորապես նշեց, որ այս տարվա նոյեմբերին Իսրայելում տեղի է ունենալու ներքին անվտանգության և կիբեր-անվտանգության խնդիրներին նվիրված կոնֆերանս և փոխանցեց Հայաստանի ոստիկանության ղեկավարության՝ կոնֆերանսին մասնակցելու հրավերը:
Հանդիպման ընթացքում, որն անցավ փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվեցին կողմերին հետաքրքրող այլ հարցեր ևս: