Իրանում հավաքագրել են շուրջ 50 անձանց և տեղափոխել Հայաստան՝ նպատակակետ երկիր ուղարկելու
ՔՈԳՎ մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ԻԻՀ երկու քաղաքացի, եվրոպական պետություններ տեղափոխելու պատրվակով, խաբեությամբ հավաքագրել և Իրանից Հայաստան են տեղափոխել Իրանի շուրջ 50 քաղաքացու։ Նրանց դիմավորել են հանցավոր խմբի մյուս անդամները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են։ Վերջիններս այդ անձանց վստահություն ներշնչելու համար ներկայացել են իրավապահ և դիվանագիտական ոլորտների աշխատակիցներ։ Նրանք Հայաստան տեղափոխված անձանց նպատակակետ երկրներ ուղարկելու համար պահանջել և ստացել են, նախնական տվյալներով՝ շուրջ 300 հազար դոլար։ Այնուհետև Իրանի քաղաքացիների մի մասին տեղափոխել են Թուրքիա և Վրաստան` խոստանալով այդ երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ուղարկել եվրոպական երկրներ: Չկատարելով իրենց խոստումը՝ Իրանի քաղաքացիներին կրկին տեղափոխել են Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը և մինչ օրս տարբեր պատրվակներով հետաձգում են մեկնելու գործընթացը:
ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է Իրանի քաղաքացիներից մի քանիսի ինքնությունը։ Նրանք հրավիրվել են ոստիկանության Կենտրոնական բաժին ու հաղորդումներ տվել: Հայտնաբերվել են նաև հանցավոր խմբի անդամները, որոնք ձերբակալվել են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է վերցված անձնագրերի մի մասը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: