Ի լրումն «Կողոպուտների հեղինակ 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է» հաղորդագրության
Երեկ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի մի շարք բակերում խաղացող փոքրահասակ աղջնակներից ականջօղեր հափշտակած կողոպտիչը՝ 1990 թ. ծնված Անժելա Մ.-ն, բերման է ենթարկվել ոստիկանություն և խոստովանել կատարածը:
Հուլիսի 2-ին Գյումրի քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց բակում 10-ամյա դստերն է մոտեցել մի անծանոթ աղջիկ, որի հետ եղել է նաև փոքր երեխա: Անծանոթուհին առաջարկել է պահմտոցի խաղալ, և այդ ընթացքում, երբ դուստրն աչքերը փակել է, աղջիկը հափշտակել է ականջօղերը` մոտ 60.000 դրամ արժողության:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է կողոպուտ կատարելու համար հունիսի 30-ին բերման ենթարկված Անժելա Մ.-ն:
Ականջօղերն առգրավված են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: