Ոստիկանության պետը աշխատանքային այց է կատարել Լոռու և Շիրակի մարզեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 7-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ:
Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թ. առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների՝ սպանության, ավազակության և կողոպուտի բացահայտումների, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման արձանգրված ցուցանիշները՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ նման պատկերն առաջիկայում անընդունելի է լինելու։
Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի կարևորությանը: Հատկապես կարևորեց համայնքային ոստիկանության ծառայության դերը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, վստահության դաշտի ձևավորման, հանցագործությունների կանխարգելման գործում։
Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ահազանգերին արագ արձագանքել, բացառել դեպքեր թաքցնելու արատավոր երևույթն ու կոռուպցիոն ցանկացած դրսևորում։
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Լոռու մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով։
Հաջորդ հանդիպումը Շիրակի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ էր։
Խորհրդակցության սկզբում Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձավ առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել ծանր, առանձնապես ծանր և նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտմանը։
Մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվեց կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու՝ կադրային տրամաբանական սերնդափոխություն ապահովելու համար։
Վալերիյ Օսիպյանի հրամանով խրախուսվեցին նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։
Խորհրդակցության ավարտից հետո ոստիկանության պետը պատասխանեց լրագրողների հարցերին։
Այնուհետև ոստիկանության պետն այցելեց ոստիկանության Կումայրիի նորակառույց բաժին։ Տեղում ծանոթացավ շինարարական աշխատանքներին և դրանց որակին։ Պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարվեց բացառել շեղումները օրենքով սահմանված շինարարության պլանից և նախատեսված ժամկետներից։